ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դավոսյան անցուդարձից

Դավոսյան անցուդարձից
26.01.2018 | 17:16

Գրեֆն ու Սոֆիան
«Շնորհակալություն, Գերման: Կհանդիպենք»` Դավոսում ՌԴ Խնայբանկի գործնական նախաճաշի ժամանակ բանկի նախագահ Գերման Գրեֆը ներկայացրեց անսովոր հյուրի` ռոբոտ Սոֆիային: Ավանդական նախաճաշի թեման 2018-ին` «Ինչպես է արհեստական ինտելեկտը փոխում ընկերությունները` ձեռքբերումներ ու մարտահրավերներ»: Սոֆիան հանդես եկավ իբրև փորձագետ: Գրեֆի հրավերին ի պատասխան նա ասաց. «Դուք ապացուցեցիք, որ մարդն ու ռոբոտը կարող են իմաստալից ու արդյունավետ երկխոսություն ունենալ»: Գրեֆն ու Սոֆիան քննարկեցին` ինչպես վերաբերվել արհեստական ինտելեկտի զարգացմանը և կարո՞ղ են ռոբոտներն ապագայում վնասել մարդկանց: «Եթե Տերմինատորի մասին քիչ ֆիլմեր լինեին, գուցե մեր մասին հասարակական կարծիքը բարելավվեր»` կատակեց Սոֆիան:
ВВС


France is back
Դավոսի միջազգային տնտեսական համաժողովում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ գլոբալացումը ճգնաժամի մեջ է: Նա առաջարկեց նոր «գլոբալ պայմանագիր» կնքել, որպեսզի այդ գործընթացները «աշխարհը դեպի անդունդ չտանեն» ու չհանգեցնեն պոպուլիստների իշխանության գալուն: «Ոչ ոք չի կարող ինձ կասկածել, որ ես բարեկամաբար չեմ վերաբերվում բիզնեսին: Ոչ ոք չի կարող ինձ մեղադրել, որ ես բացության ու տնտեսական զարգացման կողմնակից չեմ: Բայց ես ասում եմ, որ այդ մոտեցումը պետք է արդյունքներ բերի»` ասաց Մակրոնը համաժողովի մասնակիցներին: «Եթե իմ երկրում ես չկարողանամ նորից իմաստ հաղորդել գլոբալացմանը, չկարողանամ մարդկանց բացատրել, որ գլոբալացումն օգտակար է, 5-10-15 տարի հետո ազգայնականները, էքստրեմիստներն ու նրանք, որ առաջարկում են այդ համակարգից հրաժարվել, հաղթանակ կտոնեն: Եվ նրանք կհաղթեն բոլոր երկրներում»` ընդգծեց Ֆրանսիայի նախագահը: Նա առաջարկեց «գլոբալ նոր պայմանագիր» կնքել, որը պետք է հիմնվի 3 պարտավորությունների վրա` ներդրումներ անելու, հարստությունները բաշխելու ու պաշտպանելու: Դավոսում Մակրոնը խոսեց և իր բարեփոխումների մասին, որոնց շնորհիվ Ֆրանսիան դարձել է «առավել մրցունակ»: Նախքան Դավոս մեկնելը` Մակրոնը Վերսալում հավաքել է 140 ձեռներեցի` ներառյալ տրանսազգային ընկերությունները և կոչ է արել ներդրումներ անել ֆրանսիական տնտեսության մեջ: «France is back»` Ֆրանսիան վերադարձել է` ասել է Մակրոնը Դավոսում բիզնես էլիտաներին ու պետությունների ղեկավարներին: Ֆրանսիայի նախագահը տրանսազգային ընկերություններին կոչ է արել հրաժարվել «անզուսպ հարկային օպտիմալացումից», իսկ պետություններին` «համակարգել հարկային մարտավարությունը միջազգային մակարդակում»:
Հինգշաբթի Դավոս ժամանեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Մակրոնը պատմեց, որ «համոզել է» Թրամփին Դավոս գալ և նրա հրավերով ապրիլին մեկնելու է ԱՄՆ:
RFI

America First
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Դավոս և ակնկալվում է, որ խոսելու է իր «America First» («Ամերիկան նախ և առաջ») ծրագրի ու միջազգային առևտրի իր տեսլականի մասին: Վերջին անգամ ԱՄՆ նախագահը Դավոսի համաժողովին մասնակցել է 2000-ին: Բիլ Քլինթոնը: Դոնալդ Թրամփը համաժողովին երբեք չի մասնակցել իբրև բիզնեսմեն: Նրա ելույթը նախատեսված է ուրբաթ օրը: Շվեյցարիա մեկնելուց առաջ Թրամփը Թվիթերում գրել է, որ մտադիր է աշխարհին պատմել «ինչքան լավ են գործերը» ԱՄՆ-ում: Թրամփը վստահեցրել է, որ ԱՄՆ տնտեսությունը բում է ապրում և իրավիճակն ավելի է լավանալու` հաշվի առնելով` ինքն ինչ է անում: Նրա շրջապատում խոսում են, որ Թրամփը նույն ուղերձն է փոխանցելու, ինչ արտասահմանյան մյուս այցերի ժամանակ` ԱՄՆ-ը ցանկանում է դաշնակիցների հետ ամուր կապեր, բայց չի ցանկանում կրճատել առևտրական բալանսի մշտական դեֆիցիտը նրանցից ոմանց հետ: ԱՄՆ նախագահը Դավոսում արդեն հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ: Նա նորից սպառնացել է դադարեցնել Պաղեստինի տարածքի բնակիչներին օգնությունը, եթե իշխանությունները հրաժարվեն Իսրայելի հետ բանակցություններից: Թրամփն ասել է, որ Պաղեստինի իշխանություններն անհարգալից վերաբերմունք են դրսևորել ԱՄՆ-ի նկատմամբ` հրաժարվելով փոխնախագահ Մայք Փենսի հետ հանդիպումից նրա մերձավորարևելյան այցերի ժամանակ: Թերեզա Մեյի հետ հանդիպման ժամանակ Թրամփը վստահեցրել է, որ լավ հարաբերություններ ունի և վարչապետի հետ` փորձելով փակել Լոնդոնի ու Վաշինգտոնի հարաբերությունների լարվածության էջը:
RFI


Հ.Գ. Ռոբոտ Սոֆիայի պրոցեսորը «կախվել է», երբ ուկրաինացիները նրան հարցրել են` ի՞նչ անել ՈՒկրաինայի կոռուպցիայի հետ: Գուցե Սոֆիան նաև քաղաքակա՞ն նախապատվություններ ու գերակայություններ ունի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը Դավոսում հաջորդել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ելույթին: Կանցլերը ևս համախմբումի կոչ է արել: Որոշ փորձագետների գնահատականով` Մակրոնն ու Մերկելը ձևավորում են «հակաթրամփյան կոալիցիա» Եվրոպայում: Թրամփն ու Մեյը պայմանավորվել են, որ ԱՄՆ նախագահը Լոնդոն պաշտոնական այց կկատարի 2018-ին, թեև Թրամփն ասել էր, որ 2019-ին է հետաձգում այցը: Մեյը հույս ունի հակաթրամփյան հասարակական տրամադրություններն ավելի արագ հաղթահարել: ԱՄՆ նախագահը առաջին տիկնոջ` Մելանիայի փոխարեն Դավոս է եկել Ջորջ Սորոսի հետ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ